Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գոհար Ենոքյանին պետք է շքանշաններով պարգևատրել, ոչ թե անհեթեթ գործ «կարել» վրան»

«Գոհար Ենոքյանին պետք է շքանշաններով պարգևատրել, ոչ թե անհեթեթ գործ «կարել» վրան»
05.06.2015 | 11:35

Մեր զրուցակիցն է գործարար և բավականին յուրօրինակ մի մարդ` ՔՐԻՍՏԻԱՆ ԳԵԼԻՋԻՆ: Նրա հետ զրույցը սիրով ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

«ՄԱՆԿՈՒՑ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ ԾԱՌԱՅԵԼ ԱԶԳԻՍ»


-Պարոն Գելիջի, ներկայացե՛ք ինքներդ և ներկայացրե՛ք Ձեր անցած ճանապարհը:
-Սասունցի եմ, բայց ծնվել և մեծացել եմ Հոլանդիայում: Տեքստիլի գործը մեզ համար պապերից եկած ժառանգություն է: Ընդ որում՝ մայրական կողմս էլ է այս արհեստի մեջ խորացած: Նախորդ դարի 80-ականներին հայրիկս մի փոքրիկ կարի արհեստանոց բացեց, չէր կամենում, որ իր զավակներն աշխատեն այլոց մոտ: Հինգ եղբայրներով աշխատեցինք այդ արհեստանոցում, որևէ մեկս չկամեցավ վարչական ծառայության մեջ դրսևորվել: Աշխատեցինք, հասանք հաջողությունների, բայց ինձ դա չէր բավարարում, մանկուց երազում էի ծառայել ազգիս, Հոլանդիան ինձ քիչ էր հետաքրքրում: 1992-ին ավագ եղբայրս` Մասիսը, այցելեց Հայաստան, Հոլանդիայի հայկական համայնքի կազմում: Նրանք ՀՀ-ում հանդիպել էին ճանաչված գործարար Գոհար Ենոքյանի հետ, պայմանավորվել, որ վերջինս այցելի Հոլանդիա: 1992-ի դեկտեմբերին էր, տիկին Ենոքյանը հասնում է Ֆրանկֆուրտ: Եղբայրս ինձ ճանապարհեց գերմանական այդ քաղաքը, քանի որ գերմաներեն լավ գիտեի և ծանոթ էի ճանապարհներին: Այսպես առաջին անգամ հանդիպեցի Գոհար Ենոքյանի հետ, ինչը հետագայում վերածվեց հեռանկարային համագործակցության և մեծ բարեկամության: Անկեղծ ասած, շփվում էինք թարգմանչի միջոցով, ես դեռ հայերեն չէի խոսում, տիկին Գոհարը տիրապետում էր հայերենին և ռուսերենին: Տիկին Ենոքյանը բացատրեց, որ ունի ֆաբրիկա, նաև ասաց, որ առհասարակ Հայաստանում շատ են տեքստիլ արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները, և ներդրողներ են պետք համատեղ գործունեություն ծավալելու նպատակով:

«ԵԹԵ ԼԻԱՐԺԵՔ ՉՎՍՏԱՀԵԻ ՏԻԿԻՆ ԵՆՈՔՅԱՆԻՆ, ՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳՈՐԾԸ ՆՐԱ ՀԵՏ ՉԷԻ ՍԿՍԻ»
-Ձեր նորամուտը հայրենիքում, անկասկած, վարդերով չէր պսակված: Երկիրը մաքառումների շրջափուլում էր:
-1993-ի հունվարին ես առաջին անգամ Երևանում էի: Ահավոր էր տեսածս, պատերազմ էր, էներգետիկ ճգնաժամ էր և սոցիալական ծանր վիճակում ապրող ժողովուրդ: Սակայն պատրիոտիզմը արյանս մեջ էր, ես մանկուց էի երազում սովորել հայերեն, աշխատել և ապրել հայրենիքում: Ի դեպ, 1993-ին ես ընդամենը 22 տարեկան էի: Ծանոթացա ընդհանուր իրավիճակին և վերադարձա Հոլանդիա: Վերցրի մի հսկա ավտոգնացք, բարձեցի լավորակ հումքը և հասա Մոսկվա, այնտեղից էլ ինքնաթիռով բեռը հասցրինք Երևան: Հայրենիքում «Գարուն» միավորումում սկսվեց գործունեությունս: Պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ եթե լիարժեք չվստահեի տիկին Գոհարին, բնականաբար, նման պատասխանատու գործը հենց նրա հետ չէի սկսի: Ես նրան ծանոթ չէի, բայց քաջածանոթ էի նրա հայրենանվեր գործունեությանը Մոսկվայի Կրեմլում, երբ Գորբաչովին ասաց, որ նրա ձեռքերը հայի արյունով են թաթախված և պատասխան պիտի տա այդ ամենի համար: Մենք ցանկանում էինք հայկական տնտեսության այդ ճյուղը ոչ միայն պահպանել, այլև զարգացնել և դուրս բերել դեպի Եվրոպա: Այս տեսանկյունից համապատասխան էին մեր գաղափարները:
-Ձեր համատեղ գործունեության այդ շրջանը ներկայացրեք:
-Աշխատեցինք մինչև 1996-ը, հետո այլ դեպքերի և իրադարձությունների պատճառով կանգ առանք:
-Ներեցեք, «ցուրտ և մութ» տարիներին հաջողությամբ աշխատում էիք, լույսի և ջերմության պայմաններում կա՞նգ առաք: Ի՞նչ էր պատահել:
-Եթե այն տարիներին ապրել եք Հայաստանում և քիչ թե շատ ծանոթ եք եղել հայկական չգրված օրենքներին, նման հարց չէիք տա: Շրջափակման պայմաններում մենք պատրաստի արտադրանքը Հոլանդիա և, առհասարակ Եվրոպա էինք հասցնում օդանավով: Օդային բեռնափոխադրումների սակագները բարձրանում էին օր օրի: Սակայն ավելի ծանր մի խնդիր կար՝ ներքին իրավիճակը, երբ հարկային քաշքշուկը, վարչարարական ճնշումները և այլն անընդհատ թունավորում էին կյանքդ: Դա այն ժամանակվա իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության դրսևորումն էր, ոմանց պետք չէր, որ զարգանա հայկական տնտեսությունը: Անկեղծ պիտի լինեմ. հեռացա մեծ ցավով, կյանքիս ամենանվիրական երազանքներն իրականացվում էին հայրենի երկրում, բայց երբեմն մարդն անզոր է դառնում:
-Այդ տարիներին «Գարունը» այն եզակի ձեռնարկություններից էր, որն աշխատում էր լիարժեք: Ներկայացրեք ձեր գործունեությունն ավելի համապարփակ ձևով:
-Արդեն հանրապետության տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններն էինք գործի գցել, հասել էինք Էջմիածին, Վանաձոր, Սպիտակ: Երևանում «Գարունի» մասնաճյուղերն էին ապահովված աշխատանքով: 1994-95-ին ավելի քան 2 հազար կայուն աշխատատեղ էինք ապահովում:

«ԵՐԵՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԹԱԼԱՆՈՒՄ ԷԻՆ ՄԵՐ ԲԵՌԸ»


-Վարչարարական կամ բյուրոկրատական խոչընդոտները դեռ ոչինչ, նյարդերիդ ու ժամանակիդ հաշվին հաղթահարելի էին: Կար մեկ այլ բյուրոկրատիա, որը ոտքից գլուխ կոռումպացված էր: Նրանց չէր հետաքրքրում, որ գործարարը գրեթե անհնարին պայմաններում երկրի փլուզված տնտեսությունն է վերականգնում, աշխատատեղեր է ապահովում, ժամանակին պետական հարկն ու տուրքն է վճարում, բարեգործական աշխատանքներ է իրականացնում և այլն:
-Օրինակներով կարո՞ղ եք հիմնավորել Ձեր ասածը:
-Որքան կամենաք: Տեսե՛ք, 5-6 ռուսական ավտոգնացքները բերնեբերան բարձում էինք մեր արտադրանքի պատրաստի տեսականիով, հասցնում էինք օդանավակայան և թռչում էինք դեպի Եվրոպա, մեր իրացման շուկաները: Այնտեղ պարզվում էր, որ ապրանքի 5-7 %-ը չկա, Երևանի օդանավակայանում թալանել էին մեր բեռը: Հաճախ նաև խանգարում էին մեզ սպասարկող օդանավերի ապահով վայրէջքին և այլն, չեմ էլ ուզում ամեն բան հիշել: Այս բոլոր հանգամանքները գումարվեցին, և մենք ստիպված հեռացանք: Ցավալի էր. չէ՞ որ Երևան-Ամստերդամ գիծը ինքս էի բացել, բեռների հետ մարդկանց էլ էինք փոխադրում: Երբ ուղևորների քանակը այնքան աճեց, որ առանձին թռիչքային ուղղություն բացեցինք դեպի Ամստերդամ, ուղղակի պարտադրեցին, որ հրաժարվենք այդ օդային ուղեգծից:
-Հիասթափվա՞ծ էիք:
-Ո՛չ: Մտածում էի, որ ինձ խաբողներն իմ ազգակիցներն էին՝ հայերը, այսինքն՝ ինձնից վերցրած գումարները նրանց գրպանն էր մտնում, ի վերջո մնում էր Հայաստանում: Երբ ինձ ոմանք ասում էին, թե հայերն ինձ «քցեցին», ես էլ թողնում-հեռանում եմ, ես հակադարձում էի՝ է՜, ավելի լավ է հա՞յը քեզ «քցի», թե՞ թուրքը կամ բուլղարացին:
-Շատ ինքնատիպ մտածողություն է: Շարունակեք:
-Երբ ինձ հարցնում են, թե որ երկրի հայերն են ամենալավը, պատասխանում եմ` հայաստանցիները:
-Որպես հայաստանաբնակ հայ խիստ զգացված եմ, բայց ինչո՞ւ:
-Ահա թե ինչու. բախեք ամերիկահայի, բեյրութահայի կամ այլ մի սփյուռքահայի դուռը և մեկ գավաթ ջուր խնդրեք, վստահ եղեք, դուռը վրադ կփակի: Բայց եթե աշխարհի որևէ երկրի հայ մարդը Հայաստանի հեռավոր մի գյուղում ծեծի մի պատահական տան դուռը և շեմին կանգնած տատիկից ջուր խնդրի, տատիկը նրան ոչ թե ջուր կտա, այլ սեղան կգցի այդ անծանոթ մարդու համար: Տարբեր են հայաստանցիների և սփյուռքահայերի մտածողությունները:

«ԵՐԿՐԻՆ ՕԳՈՒՏ ՏՎՈՂ, ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՎՈՎ ԱՊՐՈՂ ՄԱՐԴԸ ՄԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԷ»


-Ձեր գործերի ընթացքը Ձեր երազած հայրենիքում:
-1996-ից սկսած բավականին բարդ իրավիճակի մեջ էինք, վերը նշածս պատճառներով, այսպես ասած, «տակ էինք տվել»։ Մոտ 5 տարի զբաղվում էինք մեր պարտքերի փակմամբ: Եվս 5 տարի էր պետք, որ վերականգնեինք մեր սասանված հեղինակությունը եվրոպացի մեր գործընկերների մոտ: Չէ՞ որ մենք Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և այլ երկրներում անուն էինք վաստակել, մեծ շրջանառություն ունեինք, և այդ ամենը հայկական կողմի «շնորհիվ» վտանգվեց և վերականգնվեց երկարատև ջանքերի գնով: Ի դեպ, մեր ապրանքների պիտակների վրա գրված էր մեր ընտանիքի ազգանունը և կարևոր մի գրություն «Made in Armenia»։ 2007-ին վերադարձա Հայաստան: Եվ ուղիղ դեպի «Գարուն», տիկին Գոհար մայրիկիս մոտ: Եկանք ու մի պայմանագիր կնքեցինք, նրա տնօրինած ֆաբրիկան վերցրինք վարձակալության և սկսեցինք նախկինի պես պատրաստել բարձրորակ արտադրանք և արտահանել Եվրոպա:
-Պարոն Գելիջի, այսօր ի՞նչ վիճակում եք, ինչպե՞ս եք դիմակայում:
-Դարձյալ մեծ ներդրումների և ջանքերի շնորհիվ այսօր մեզ մոտ հարյուրավոր մարդիկ են աշխատում: Եվ ավելի ու ավելի ենք կամենում ընդլայնվել, ավելի մեծ քանակությամբ աշխատատեղեր ստեղծել և հարկեր մուծել պետությանը: Բայց այն, ինչ կատարվում է Գոհար Ենոքյանի հետ, մեզ շատ է զարմացնում, ոմանց էլ խիստ հիասթափեցնում է, անհասկանալի է, թե ինչ է կատարվում երկրում, ինչ-որ սուբյեկտի հայտարարության հիման վրա քրեական հետապնդում են իրականացնում Հայաստանի ամենահարգի գործարարներից մեկի նկատմամբ, ով միաժամանակ նշանավոր գործիչ է, հայության դատն է պաշտպանել խորհրդային դումայում` վտանգելով կյանքը: Ի դեպ, 2009-ին ինքս էլ ներքաշվել եմ մի անհեթեթ պատմության մեջ, և տարիներ պետք եղան, որ հարթվի-գնա այդ ամենը: Այսինքն՝ երկրին օգուտ տվող, ժողովրդի ցավով ապրող մարդը այսօր մեր անկախ հանրապետությունում ոչ միայն պաշտպանված չէ, այլև ոմանց համար դառնում է թիրախ: Բայց ես լավատես եմ և համոզված եմ, որ շուտով իրավիճակը կշտկվի: Գոհար Ենոքյանի պես մարդուն պիտի պետական շքանշաններով պարգևատրել, ոչ թե ինչ-որ անհեթեթ գործ «կարել» նրա վրա:
-Այսօր ինչո՞վ եք զբաղված և վաղվա հետ կապված ի՞նչ եք նախատեսում:
-Վանաձորում, Կապանում, Ամասիայում և Երևանի «Էրեբունի» ֆաբրիկայում ենք արտադրություններ ծավալել, դարձյալ արտադրանքը արտահանում ենք Եվրոպա: Հեռանկարային ծրագիր ենք կազմել տիկին Ենոքյանի հետ, երբ ջրերը զուլալվեն, դրանք կիրականացնենք:
Պետությունից լուրջ սպասելիքներ ունենք, նա պիտի կիրթ ու նպաստավոր գործարար միջավայր ստեղծի: Անհասկանալի բաներ են կատարվում. այսօր մոտ հինգ հարյուր աշխատող ունենք, կամենում ենք ընդլայնվել, սակայն երբեմն աշխատող մարդ չենք կարողանում գտնել, շատերն են արտագաղթել: Սակայն բնավ չեմ հուսահատվում: Վերջերս ՀՀ նախագահի հետ եմ հանդիպել և ներկայացրել եմ հիմնարար մի ծրագիր, որով պիտի ստեղծել թեթև արդյունաբերության զարգացմանը նպաստող մի ընկերակցություն, պետության հովանու տակ: Սա նշանակում է նպաստավոր օրենսդրական դաշտ ստեղծել, ապահովել ներդրումների հոսքը Հայաստան և զարգացնել ճյուղը ողջ հանրապետությունով մեկ: Եվրոպական շուկայում մեր ունեցած հեղինակությունը թույլ է տալիս, որ ֆինանսական ներդրումներ կատարվեն, բայց ոչ թե 15-20, այլ 4-5 տոկոսով: 2015-2016-ին մեր եվրոպացի գործընկերները պատրաստ են 50 մլն եվրո ներդրում կատարելու Հայաստանում, ընկերակցության հիմնադրամում: «Գարուն» ֆաբրիկայից սկսած մինչև հեռավոր մարզերի ֆաբրիկաները ամբողջ թափով կաշխատեն, կվերականգնենք շենք-շինությունները, տեխնիկան, մարդկանց կապահովենք կայուն աշխատավարձով և այլն: Եվրոպական շուկաները մեզ վստահում և սպասում են: ՈՒրախ եմ, որ պարոն Սերժ Սարգսյանը ողջունեց մեր նախաձեռնությունը:
-Շնորհակալություն զրույցի համար և կանաչ ճանապարհ Ձեզ, Գոհար Ենոքյանին և հայ գործարար մարդուն:


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Հ. Գ.- Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ իմացանք, որ Գոհար Ենոքյանի հանդեպ հարուցված քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով:

Դիտվել է՝ 3629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ